Դեկտեմբերի 14-15-ը նախատեսված ԵՄ ընդլայնման հարցով գագաթնաժողովին ընդառաջ Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու և կազմակերպությանն Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի անդամակցության բանակցությունները մեկնարկելու կոչով բանաձևին: Փաստաթուղթը խորհրդատվական բնույթ է կրում։ Եվրախորհրդարանի պատգամավորները նաև ողջունում են Եվրամիությանը մոտենալու՝ Հայաստանի կառավարության պատրաստակամությունը։
Միաժամանակ, բանաձևը շեշտում է՝ ԵՄ-ին անդամակցության արագացված ընթացակարգեր չպետք է ներդրվեն: Հավանական թեկնածու երկրները պետք է հավատարիմ լինեն ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի սկզբունքներին, տնտեսական բարեփոխումներին:
Եվրախորհրդարանը ափսոսանք է հայտնում, որ Հունգարիայի վարչապետը դեմ է Ուկրաինայի եվրաինտեգրման մասին բանակցությունների մեկնարկին: Ըստ բանաձևի՝ Վիկտոր Օրբանի հայտարարությունները խոչընդոտում են ԵՄ ընդլայնման գործընթացը:
Օրբանն էլ, ելույթ ունենալով Հունգարիայի խորհրդարանում, հայտարարել է՝ Եվրամիությանը Կիևի անդամակցությունը չի բխում Հունգարիայի և Միության շահերից: