Պայմանավորվածությունների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, այս պահին ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն: Այդ մասին Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է միջնորդական ջանքերի չեղարկում:
«Եթե նկատել եք՝ կար երկու բաղադրիչ. կար գերիների փոխանակում, ազատ արձակում և կլիմայի կոնֆերանսի կոմպոնենտ: Եվ ահա այդ կոնֆերանսն ավարտվել է երեկ, և այսօր մենք պետք է սպասենք երկրորդ բաղադրիչի իրականացմանը, և մենք չունենք հիմք ասելու, որ ադրբեջանական կողմը չի պահպանի պայմանավորվածությունները»,- ասաց նա:
Միրզոյանը նաև տեղեկացրեց, որ վերոնշյալը վստահության կառուցման միակ համաձայնությունը չէ, որը քննարկվել է ու դեռ կքննարկվի: Քննարկվել է նաև հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հարցը:
«Գիտեք, որ մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման շուրջ: Կարծում ենք, որ զորքերի հետքաշումը, իսկապես, դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիաները։ Չեմ ուզում ասել, թե ունենք համաձայնություն, սա գաղափար է, որը քննարկվում է, նաև կան այլ գաղափարներ, որոնք քննարկվում են, բայց կարող եմ հույս հայտնել, որ այսպիսի փոխադարձ քայլերը, ինչպիսին մենք արդեն ունենք և հիմա կտեսնենք, հուսամ՝ վերջնական իրականացումը, դրական ազդեցություն են ունենալու հարաբերությունների կարգավորման վրա»,- ասաց նախարարը: