Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, հանդիպումների ձևաչափ, գործընթաց։
Մենք մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ մեծ մասը գործի, ըստ էության, արված է, եթե խոսում ենք պայմանագրի մասին, և հիմա մեզ պետք է հանդիպել և պայմանավորվածությունների գալ՝ էական հարցերի շուրջ վերջնական ձևակերպումների»,- ասաց Միրզոյանը և հավելեց, որ բանակցությունների հիմնական խնդիրը բովանդակությունն է:
«Եթե շատ բծախնդրորեն նայենք ձևաչափերի հարցերին, մեր վերջին շրջանի 2-3 տարվա բանակցությունները եղել են երկկողմ, համենայնդեպս, այդպես ենք հռչակել, ֆասիլիտացվել են միջազգային դերակատարների կողմից: Մենք կարծում ենք՝ այսպես էլ պետք է շարունակենք, ինչ-որ չափով դրանք ցույց են տվել իրենց արդյունավետությունը:
Արդեն ասացի՝ գործի մեծ մասը, ահագին մասը, մեծագույն մասը, ես կասեի, արդեն արված է, եթե մենք վերադառնանք և նույն ընդունված մեխանիզմներով շարունակենք աշխատել, մենք կկարողանանք արագ արդյունքի հասնել: Բացակայող կոմպոնենտը կամ այն բաղադրիչը, որ մենք կուզենայինք տեսնել, և որը կգա՝ լրացնելու այս ամբողջ շղթան և հասցնելու տրամաբանական ավարտին, Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կամքն է, որը հիմա պետք է դրսևորվի կամ չդրսևորվի, և հուսամ՝ կդրսևորվի»,- ասաց նախարարը: