ԱՄՀ գործադիր խորհրդի Պահուստային ծրագրով Հայաստանի համար հասանելի է դարձել շուրջ 24.4 մլն դոլար վարկային միջոցներ
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը դեկտեմբերի 11-ին հաստաստել է ընթացիկ Պահուստային ծրագրի երկրորդ վերանայումը, որով Հայաստանի համար հասանելի է դարձել շուրջ 24.4 միլիոն ԱՄՆ դոլար (18.4 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք) ծավալով վարկային միջոցներ՝ ընդհանուր ծավալը հասցնելով շուրջ 73.3 միլիոն ԱՄՆ դոլար (55.2 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք): Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Համաձայն ԱՄՀ փորձագետների գնահատականների՝ Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպերը շարունակվել են 2023 թվականի ընթացքում։ Սպառման և ներդրումների բարձր մակարդակի պարագայում ակնկալվում է, որ տնտեսական աճը 2023 թվականին կկազմի 7%, մինչդեռ, կանխատեսվում է, որ ՀՆԱ-ի աճի տեմպը 2024 թվականին կդանդաղի մինչև 5%: Ակնկալվում է նաև, որ գնաճը կկայունանա և 2024 թվականի կեսերին կվերադառնա Կենտրոնական բանկի 4% թիրախին:
2024 թվականի բյուջեով պատշաճ կերպով հաշվի է առնվում Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցությունը՝ միաժամանակ ապահովելով մակրոտնտեսական կայունությունը։ Միջնաժամկետ հեռանկարում բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատումը կնպաստի ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի կառավարելի և կայուն մակարդակի պահպանմանը: Ընթացիկ կառուցվածքային բարեփոխումների առաջընթացը, ներառյալ նախատեսվող հարկային բարեփոխումները, կօգնեն մոբիլիզացնել անհրաժեշտ եկամուտներ՝ աջակցելու առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության և կապիտալ ծրագրերի ուղղությամբ առաջնահերթ ծախսերին:
Նշենք, որ Պահուստային ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ և միտված է՝ ապահովելու կառուցվածքային բարեփոխումների իրականացման շարունակականությունը, աջակցելու մակրոտնտեսական, ֆինանսական և հարկաբյուջետային կայունության պահպանմանը:
Սկզբնաղբյուր՝ http://bit.ly/3Notpm8