Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Հորդանան գետի Արևմտյան ափի բնակչությանը կոչ է արել ուժեղացնել դիմադրությունն իսրայելական բանակին բոլոր քաղաքներում ու գյուղերում։
Շարժումն Արևմտյան ափում իսրայելական բանակի գործողությունները համարել է «համապարփակ պատերազմի շարունակություն՝ հուսահատորեն փորձելով հանգցնել Պաղեստինի ժողովրդի դիմադրության բոցը»։
Իսրայելական բանակը, ի լրումն Գազայի հատվածում լայնածավալ գործողությունների, պարբերաբար ծանր զինտեխնիկայի կիրառմամբ գործողություններ և գրոհներ է իրականացնում նաև Հորդանան գետի Արևմտյան ափի քաղաքներում, այդ թվում՝ Բեթղեհեմում, Ջենինում, Նաբլուսում, Հեբրոնում: Ջենին քաղաքի և նրա ճամբարի վրա վերջին հարձակման հետևանքով զոհվել էր 7 քաղաքացի, ավելի քան 120 մարդ ձերբակալվել էր։
Գազայի հատվածում էլ, ըստ վերջին տվյալների, զոհերի թիվը գերազանցել է 18.500-ը, ավելի քան 50 հազար մարդ վիրավորվել է։ Սրվում է հումանիտար իրավիճակը, Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալով՝ Գազայի հատվածի փախստականների ճամբարներում տարբեր հիվանդություններով վարակման առնվազն 360 հազար դեպք է գրանցվել, հիվանդանոցների աշխատանքը կաթվածահար է։ ԶԼՄ-ները գրում են, որ իսրայելական ռազմական գործողության հետևանքով ժամանակավոր կացարանները գերբեռնված են, տեղահանվածների թիվը հասնում է 1,9 միլիոնի: