ՄԱԿ-ի կլիմայի համաժողովում առաջին անգամ կոչ է արվել էներգահամակարգերում հրաժարվել հանածո վառելիքից:
էներգիայի հանածո աղբյուրներից հրաժարվելու վերաբերյալ երկշաբաթյա լարված բանակցություններից հետո Դուբայում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով համաժողովի (COP28) մասնակիցները չորեքշաբթի՝ դեկտեմբերի 13-ին, համաձայնեցրել են ամփոփիչ հայտարարության նոր, փոխզիջումային տեքստը, որը պատրաստել էր կոնֆերանսի կազմակերպիչ Արաբական Միացյալ Էմիրությունները:
Փաստաթուղթը, մասնավորապես, կոչ է անում «էներգետիկ համակարգերում արդար, կանոնավոր և հավասարակշռված անցում կատարել հանածո վառելիքի օգտագործումից», որպեսզի մինչև 2050 թվականը զրոյի հասցվի դրանց «մաքուր» (զուտ) սպառումը:
Այսպիսով, երեք տասնամյակների ընթացքում ՄԱԿ-ի կլիմայի կոնֆերանսում (COP) առաջին անգամ համաշխարհային հանրությունը կոչ է անում հրաժարվել հանածո վառելիքից: 21 էջանոց փաստաթղթում, այնուամենայնիվ, հստակ չի խոսվում ածխից, նավթից և գազից փուլային հրաժարվելու մասին (Fade out), որին ձգտում են մասնակից շատ երկրներ։