Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում աշխատակիցներ (վարորդներ) են ազատվել աշխատանքից:
«Մանկապարտեզների տնօրենների ազատման՝ նախորդ գրառմանս համատեքստում ուզում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում նույնպես աշխատակիցներ (վարորդներ) են ազատվել աշխատանքից:
Մասնավորապես՝ սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումների, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրների պատճառով 31 վարորդ ազատվել է աշխատանքից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Երևանի համար 94 մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու համար աշխատանքից հեռացվել է 3 աշխատակից: Ձայնագրությունն էր տարածվել համացանցում, որում դաստիարակը ծաղրում ու վիրավորում է երեխային: Մանկապարտեզում ժողով էր անցկացվել, որին մասնակցել էր նաև մեր նկարահանող խումբը, լսել արդեն նախկին տնօրենի պաշտոնակատարին:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը նաև տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված գործողությունների արդյունքում 11 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից: