Գազայի հատվածում լարվածությունը պահպանվում է: Կողմերը հայտնում են բախումների, ինտենսիվ հրթիռակոծությունների մասին: Կրակի տակ են, մասնավորապես, Գազայի հատվածի հյուսիսում՝ Ջաբալիա, հարավում՝ Խան Յունիսը, Ռաֆահ քաղաքները։ Բնակելի տարածքների թիրախավորման հետևանքով կան տասնյակ զոհեր, այդ թվում՝ երեխաներ:
ՑԱՀԱԼ-ը հայտնում է ՀԱՄԱՍ-ին պատկանող ենթակառուցվածքների բացահայտման մասին: ԶԼՄ-ները գրում են, որ իսրայելական բանակը զորաշարժեր է անցկացնում Արևմտյան ափին, հաղորդվում է բախումների և հրետանային հարվածների մասին:
Փոխադարձ հարվածների մասին են հայտնում ՑԱՀԱԼ-ը և Լիբանանի տարածքում տեղակայված «Հեզբոլլահը», Իսրայելում օդային տագնապ է հայտարարվել:
Հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է՝ Իսրայելի ռազմական օպերացիան կավարտվի, երբ կյանքի կոչվեն բոլոր նպատակները, այն է՝ ՀԱՄԱՍ-ը ոչնչացվի, Գազայի հատվածում պահվող պատանդներն ազատ արձակվեն։ Նա հավելել է՝ անհրաժեշտ է ուժեղացնել ՀԱՄԱՍ-ի վրա ռազմական ճնշումը, արդյունքում գերիների ազատ արձակման մասին, հնարավոր է, նոր առաջարկներ լինեն, որոնք Իսրայելի իշխանությունը պատրաստ կլինի քննարկել։
Մինչդեռ ՀԱՄԱՍ շարժումը բացառել է Իսրայելի հետ գերիների փոխանակման ցանկացած գործարք, քանի դեռ Գազայի հատվածի դեմ ագրեսիան չի դադարեցվել։ Վերջերս համաձայնեցված ժամանակավոր հրադադարի ժամանակ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը տասնյակ գերիների և պահվող անձանց են փոխանակել: Հայտնի է, որ այժմ Գազայի հատվածում դեռ 100-ից ավելի պատանդ կա: