Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը:
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Պրոբացիայի ծառայության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նախագծի փաթեթի մշակման համար հիմք է հանդիսացել Կառավարության ծրագրի 15-րդ կետը, ինչպես նաև ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարության 11-րդ կետը, որոնցում նախատեսված է՝ Պրոբացիայի ծառայությունը պետք է գործի որպես պետական ծառայության առանձին տեսակ, բացառվի տարբերակված մոտեցումը միևնույն ենթակա կարգավիճակ ունեցող պետական մարմինների միջև, ստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ ծառայությունը մոտիվացված և ձեռնհաս կադրերի համար առավել գրավիչ դարձնելու, ընդլայնվեն պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները: Պրոբացիայի ծառայությունը որպես պետական ծառայության առանձին տեսակ նախատեսելու անհրաժեշտությունը պայմանավորված է ծառայության նպատակներով, գործառույթներով և գործառութային առանձնահատկություններով՝ այս մասին նախագիծը ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:
«Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկում ենք Պրոբացիայի ծառայությունը նախատեսել որպես պետական ծառայության առանձին տեսակ»,- ասաց Լևոն Բալյանը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց վերջինիս՝ խնդրելով ասել՝ արդյոք այս օրենդրական փաթեթը կապակցվա՞ծ է որևէ վարկային ծրագրի կամ վարկ տրամադրելու պայմանների հետ, ի՞նչ նոր առանձնահատկություններ են սահմանվում Պրոբացիայի ծառայության մասով, որոնք աշխատողներին պետք է շահագրգռեն, որպեսզի ներգրավվեն այս ծառայության մեջ:
Արդարադատության նախարարի տեղակալը պարզաբանեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված չէ որևէ վարկային ծանրաբեռնվածությամբ:
«Այս նախագիծը վերաբերում է կոնկրետ Պրոբացիայի ծառայությանը, որը կարգավորելու է ծառայողների կարգավիճակը, գործառույթները, իրավունքները, պարտականությունները, սոցիալական երաշխիքները, որի շրջանակում նախատեսվում է նաև ատեստավորման ընթացակարգ ներմուծել, ինչն ավելի կշահագրգռի մարդկանց այս ծառայությունը իրականացնելու և հնարավորինս լավ որակի ծառայություն մատուցելու»,- նշեց Բալյանը:
Հարակից զեկուցող, պետաիրավական հարցերի մշտական հաձնաժողովի անդամ Արփինե Դավոյանի խոսքով՝ օրենսդրական ակտերի նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021-2016 թվականների գործունեության միջոցաառումների ծրագրի դրույթների, ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2013 թթ. ռազմավարության և միջազգային կառույցների առաջարկությունների իրագործման հետ:
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարեփոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը, այն դարձնելով պետական ծառայության առանձին տեսակ, բացառել տարբերակված մոտեցումը միևնույն կարգավիճակ ունեցող՝ ենթակա պետական մարմինների միջև, ընդլայնել պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները և ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ ծառայությունն ավելի գրավիչ և դարձնելու համար:
Արփինե Դավոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: