Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է այլ ուղղությամբ, Ադրբեջանը զբաղված է հայկական քրիստոնեական մշակույթի բնաջնջմամբ. նշված է «Միջազգային քրիստոնեական հոգատարություն» ամերիկյան կառույցի օրերս հրապարակված ամենամյա զեկույցում։
Կազմակերպությունը 2023-ի հակաքրիստոնեական ամենաակտիվ երկրների ցանկում ընդգրկել է Ադրբեջանը, իսկ գործիչների թվում՝ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանին։ «Լուրերի» թղթակցի հետ զրույցում կառույցի ղեկավար Ջեֆ Քինգը նշել է, որ ժամանակին, երբ սկսել էր աշխատել Կոնգրեսում, Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ Թուրքիայի ագրեսիվ լոբբինգի ականատեսն է եղել։ Այսօր իր ղեկավարած կառույցի միջոցով աշխատում է պայքարել Թուրքայի և Ադրբեջանի բռնաճնշումների դեմ և սատարել հայկական կողմին:
«Միջազգային քրիստոնեական հոգատարություն» կազմակերպության նախագահ Ջեֆ Քինգ - Ադրբեջանը չէր գործի այնպես, ինչպես հիմա, եթե չլիներ Թուրքիայի աջակցությունը: Մինչ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում, Թուրքիան ուժեղացնում է ճնշումը։ Մենք ամերիկյան պաշտոնյաներին ասում ենք, որ այս իրավիճակն ամերիկյան շահերին չի համապատասխանում։ Էրդողանը արմատական իսլամիստ գործիչ է, որը ցանկանում է իր հավակնություններին համապատասխան միջազգային դիրքերի հասնել։ Եվ ամենավտանգավորն այն է, որ նա ՆԱՏՕ-ի անդամ երկրի ղեկավար է։ Սա շատ է բարդացնում պատկերը։