Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) հաջորդ համաժողովը կանցկացվի Ադրբեջանում։ Ըստ Bloomberg-ի՝ արևելաեվրոպական խմբում տարաձայնությունները հարթվել են այն բանից հետո, երբ Բաքվի դիմումը ստացել է Մոսկվայի և Երևանի աջակցությունը։ Գործակալության տվյալով՝ Ռուսաստանը դեմ է եղել Բուլղարիայում համաժողովի անցկացմանը։
Հարցը, թե ով է ընդունելու COP29-ը, քննարկվել է երկու շաբաթ։ 2024 թվականին համաժողովը, ռոտացիայի շրջանակում, պետք է հյուրընկալի Արևելյան Եվրոպայի երկրներից մեկը։ Սակայն կողմերը չէին կարողանում համաձայնեցնել որոշումը։ Ըստ Bloomberg-ի՝ Մոսկվան հայտարարել է, որ կարգելափակի Եվրամիության անդամ ցանկացած երկրի հայտ՝ «Ուկրաինային դաշինքի աջակցության պատճառով»:
Կլիմայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևն ասել է, որ աջակցել են Ադրբեջանի թեկնածությանը: «Համաժողովն առաջին անգամ կանցկացվի Կովկասում և առաջին անգամ՝ Արևելյան Եվրոպայի մի երկրում, որը Եվրամիության անդամ չէ»,- ասել է Ռուսաստանի ներկայացուցիչը:
Բուլղարիան կամավոր հրաժարվել է համաժողովն ընդունելու իր հայտից: Հայաստանը նույնպես հանել է իր թեկնածությունը հօգուտ Բաքվի՝ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների ֆոնին։