Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ համայնքային ենթակայության համար 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված (խմբի դաստիարակի՝ երեխաների նկատմամբ անընդունելի վարքագիծ) աշխատանքից ազատվել են համար 94 մանկապարտեզի տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը։
«Ի հավելումն ասվածի՝ տեղեկացնեմ, որ վերջերս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված գործողությունների արդյունքում (առավել մանրամասն՝ կից հղումով
https://shorturl.at/klwC8 ), ևս 11 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից:
Վերը նշվածի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն այս պահին այսքանն է»,- գրել է Կոստանյանը:
Հիշեցնենք՝ Երևանի համար 94 մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու համար աշխատանքից հեռացվել է 3 աշխատակից: Ձայնագրությունն էր տարածվել համացանցում, որում դաստիարակը ծաղրում ու վիրավորում է երեխային: Մանկապարտեզում այսօր ժողով է անցկացվել, որին մասնակցել է նաև մեր նկարահանող խումբը, լսել արդեն նախկին տնօրենի պաշտոնակատարին: