Լեռնային Ղարաբաղի գլուխը կերան, չպիտի թույլ տանք, որ Հայաստանի գլուխն էլ ուտեն: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում 2 ամիս առաջ տեղի ունեցած իրադարձություններին:
«Ի՞նչ է նշանակում՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը գնան, հորդորեն գործընթացներ սկսել, որոնց արդյունքում ԼՂ-ում տեղի ունենա պալատական հեղաշրջում: Ժողովրդի կողմից օրինական ընտրված նախագահին փոխարինի նշանակովի մարդ, որի արդյունքում Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, իրենց խմբակցության ղեկավարները քիչ էր մնում՝ թռչկոտեին երջանկությունից, այդ երևույթից:
Բայց երբ մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ ջան, այն, ինչ դուք անում ենք, դա ռումբ է ԼՂ-ի տակ, մեզ ասում էին՝ դուք հայրենասեր չեք, դավաճան եք: Տեսանք՝ ով գնաց, կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրեց: Իրական կապիտուլյացիայի պայմանագիրը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ստորագրել, ոչ թե Սամվել Շահրամանյանը, որովհետև իրենք էինք թռչկոտում Երևանում ուրախությունից, այդ երևույթից, որ տեղի էր ունեցել այնտեղ:
Հիմա նույն բանը: Այսինքն՝ գնան, կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրեն, լուծարեն ԼՂ-ի բանակը, զենքերը հանձնեն Ադրբեջանին և ԼՂ ԱԺ-ն լուծարեն, գան ՀՀ-ում ԼՂ ԱԺ նի՞ստ անեն: Սա ՀՀ-ի դեմ է ռումբ, և սա անթույլատրելի է: Չի կարելի հայրենասիրական պաթոսախառը բաներով ՀՀ-ի դեմ գործողություններ անել:
Հետևաբար, եթե այդ մարդիկ վտանգավոր ու անգրագետ մոլորության մեջ են, ապա խորհուրդ եմ տալիս նրանց խելքի գալ, եթե դա մտածված դավաճանական գործողություն է արտաքին պետությունների հովանավորությամբ և աջակցությամբ, սա ևս կբացահայտվի, ինչպես ամեն ինչը 30 տարվա ընթացքում [բացահայտվեց]»,- ասաց Պապոյանը, ապա պարզաբանեց. «Նկատի ունեմ, որ չի կարելի գնալ, կապիտուլյացիա ստորագրել, հետո գալ այստեղ, ՀՀ-ի դեմ ռումբ դնել»: