ՊԵԿ-ն առաջարկում է վերանայել և բարձրացնել տրանսպորտային միջոցի համար պետական տուրքի դրույքաչափը: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Ըստ նախագծի՝ առաջարկվում է ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքում ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող տրանսպորտային միջոցի համար պետտուրքի դրույքաչափերն օրական 1600 դրամի փոխարեն սահմանել 5000 դրամ՝ սկսած ժամանակավոր պահպանության երկրորդ օրվանից: Նախագահի տեղակալը նաև տեղեկացրեց, որ գործող օրենսդրությամբ ԱՏԳ-ի տարածքում մեքենա կայանելու համար պետտուրք է գանձվում հենց առաջին օրվանից:
«Նախագիծը ֆիսկալ նպատակ չունի, մենք եկամուտների բարձրացման ակնկալիքներ չունենք»,- ասաց նախագահի տեղակալը և պարզաբանեց, որ նախագծի նպատակը մաքսային մարմնի՝ Գյումրու ԱՏԳ կենտրոնի տարածքի առավել արդյունավետ օգտագործումն է, որպեսզի մաքսային ձևակերպումը կատարվի ժամանակին, չխաթարվի աշխատանքի բնականոն ընթացքը:
Արթուր Մանուկյանը նաև նշեց, որ օրական Հայաստան է ներմուծվում է 160 մեքենա, և եթե դրանից 100-ը որոշեն, որ 4 ամիս պահելու են ժամանակավոր պահպանման տարածքում, անհրաժեշտ կլինի 12 հազար մեքենայի կայանման վայր, որն իրատեսական չէ:
«Մաքսային մարմնի ժամանակավոր պահպանության վայրն ավտոկայանման վայր չէ, հետևաբար առաջարկում ենք տուրքի դրույքաչափով կարգավորել հարցը, և եթե մարդը բերել է իրոք իր մեքենան, և մարդը բերել է ոչ թե վաճառելու, այլ շտապում է, ձևակերպումը կանի, կտանի մեքենան, որպեսզի ավելորդ անգամ որևէ գումար չվճարի»,- ասաց նա և հավելեց, որ նախագծի նպատակն է նաև մաքսային մարմնի ժամանակավոր պահպանության տարածքը ավտոկանգառի չվերածելը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Գյումրու ԱՏԳ-ում մեքենաների՝ ամիսներով կայանման պատճառը պետական մարմնի աշխատանքի հետ կապեց: ՊԵԿ նախագահի տեղակալն առարկեց՝ այսօր պետական մարմինն ի վիճակի է օրական 500 մեքենա սպասարկել, իսկ եթե փաստաթղթերը նորմալ են, մեքենան մաքսազերծելու գործընթացը կտևի 3-5 ժամ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ևս նկատեց՝ մեքենաների տուրքը 1600-ից դարձնելով 5000 դրամ, խնդիրը չեն լուծի: Մյուս կողմից, ըստ նրա, օրական 1600 դրամը վճարելն արդեն իսկ մեծ գումար է:
Հարակից զեկուցող Բաբկեն Թունյանը ևս պարզաբանեց, թե ինչու է նման նախագծի մշակման անհրաժեշտություն առաջացել: Ըստ նրա՝ եթե կան մարդիկ, որոնք ավտոմեքենա են բերում ոչ թե սեփական կարիքների համար, այլ վերավաճառելու, այդ մարդկանց համար ավելի ձեռնտու է ավտոմեքենան չմաքսազերծել, սպասել, որ գնորդ հայտնվի, որպեսզի հենց գործարքի ժամանակ մաքսազերծվի: Դա է պատճառը, որ մեքենա վաճառողներին ձեռնտու է այն թողնել մաքսատան տարածքում, քանի որ համեմատաբար ավելի էժան է վճարը:
Թունյանը նաև խոստովանեց, որ երբ նախագիծը մշակվում էր, խնդիրն իսկապես սուր էր. «Մի փոփոխություն էլ է տեղի ունեցել այս ընթացքում, որ Գյումրու ավտոմաքսատան տարածքի տարողությունը մեծացել է, և այսօր, եթե չեմ սխալվում, կիսով չափ է զբաղված: Մոտավորապես 3000 մեքենայի տեղ կա, 1500 մեքենա էր օրենքը քննարկելու պահին: Դրա համար մեր պատգամավորներից շատերը՝ թե՛ մեր խմբակցության, թե՛ ընդդիմադիր խմբակցության, առաջարկում էին կա՛մ օրենքը չդիտարկել ընդհանրապես, որովհետև օրենքն այլևս նախկինը չէ, կա՛մ որոշակի մեղմացնող դրույթներ սահմանել»:
Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախագիծը «ժամանակավրեպ» որակեց, ու թեև հավելեց, որ ՔՊ խմբակցության քվեարկության տրամաբանությամբ է քվեարկելու, բայցև հույս հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագծի դրույթները կլավարկվեն:
ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ևս առաջարկեց լավարկել նախագիծը, օրինակ՝ մեկ անվճար օրվա փոխարեն սահմանել երկու անվճար օր:
ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Գյումրիում տուրքի չափը 5000 դրամ դարձնելն «անտրամաբանական» որակեց այն պայմաններում, երբ, օրինակ, Երևանում օրը 2000 դրամ է: Նա նաև նշեց, որ պատգամավորներից մեկը մեքենա է ներմուծել, և մաքսազերծումը տևել է 7 օր:
«Հազիվ մենք մեկ պետական ավտոկանգառ ունենք, դա էլ ուզում ենք դնել, ամեն կերպ վնասել»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն առաջարկեց աստիճանական դարձնել տուրքի սահմանումը, և մեկի փոխարեն, օրինակ՝ երկու օր անվճար դարձնել:
Եզրափակիչ ելույթում ՊԵԿ նախագահի տեղակալը, պատասխանելով քննադատություններին, հայտարարեց՝ նախագծով որևէ բիզնես ստեղծելու թաքնված կամ ակնառու նպատակ չկա, և կոչ արեց կողմ քվեարկել՝ լավարկման ակնկալիքով:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացնելու հարցին ԱԺ-ն քվեարկեց 65 կողմ, 25 դեմ, 5 ձեռնպահ ձայներով: