ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել Ազդարարման համակարգի վերաբերյալ հաղորդակցման գործողությունների համապետական իրազեկման ծրագրի շրջանակներում իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» թեմայով միջոցառմանը:
Միջոցառման ընթացքում համապարփակ ներկայացվել է ազդարարման համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքները, արդյունքները, ազդարարման համակարգի վերաբերյալ հանրության իրավամտածողության փոփոխմանն ու իրազեկման բարձրացմանն ուղղված գործողությունները:
Կարեն Կարապետյանը նշել է, որ ազդարարման համակարգին ուղղված օրենսդրական կառուցակարգերը գործում են 2018 թվականից, անդրադարձել է «Ազդարարման համակարգի մասին» օրենքի առկա կարգավորումներին, ազդարարման հիմնական տեսակներին, ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին և այլն։
Արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ ազդարարման համակարգի հետագա կատարելագործումը հանդիսանում է Կառավարության կողմից վարվող հակակոռուպցիոն քաղաքականության կարևոր և անկյունաքարային բաղադրիչներից մեկը։ Այդ նպատակով ազդարարման համակարգի կատարելագործման ուղղությամբ նախատեսվել են համապատասխան միջոցառումներ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա իրականացման գործողությունների ծրագրում։
Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ Կառավարության և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերը նպաստելու են ոչ միայն ազդարարման համակարգի կայացմանն, այլ նաև կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանն ընդհանուր առմամբ։ Նրա խոսքով՝ Կառավարությունն ակնկալում է, որ հասարակությունը պետք է դրսևորի պրոակտիվ մոտեցում այս գործընթացին, ինչն ազդարարման համակարգի կայացման ամենակարևոր գրավականներից մեկն է:
Այս նպատակներին հասնելու համատեքստում նախարարի տեղակալը կարևորեց սույն թվականի նոյեմբերի 29-ին նախարարության և ոլորտային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև կնքված համագործակցության հուշագիրը, որին զուգահեռ տրվել է Ազդարարման համակարգի վերաբերյալ 2023 թվականի հաղորդակցման գործողությունների համապետական իրազեկման ծրագրի մեկնարկը։
Կարեն Կարապետյանը միջոցառման ընթացքում մասնակցել է նաև մրցանակների և հավաստագրերի հանձման արարողությանը. կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպվել է «Պատկերի՛ր ճշմարտությունը» խորագրով նկարչական և «Պատմի՛ր ճշմարտությունը» խորագրով շարադրությունների արդյունքների ամփոփում:
Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի հետ համագործակցությամբ, Եվրոպական միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ: