Այս շաբաթ հայ-ադրբեջանական հարաբերություններում աննախադեպ մի բան տեղի ունեցավ: Երկրների ղեկավարների աշխատակազմերը համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Երկու պետությունների՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը վերահաստատելուց բացի, Երևանն ու Բաքուն հայտարարեցին գերիների փոխանակման մասին:
Սա դեռ «Բոլորը բոլորի դիմաց» չէ, սկզբունք, որին Հայաստանը կողմ է, սակայն զգալի առաջընթաց է. Հայաստանը համաձայնել է ուղարկել 2 ադրբեջանցիների, որոնք 11.5 տարի ու ցմահ ազատազրկման էին դատապարտվել մեր երկրում, Բաքուն Հայաստան կուղարկի պահվող 55 մեր հայրենակիցներից 32-ին:
Ըստ փորձագետների՝ այս քայլը, իհարկե, ողջունելի է, սակայն նաև հասկանալի՝ այսպիսով Բաքուն փորձում է ժամանակ շահել և բանակցությունները տեղափոխել երկկողմ ձևաչափ: Երևանը ուղիղ շփումներին դեմ չէ, բայց տեսակետը չի փոխել՝ խաղաղության պայմանագրի քննարկումներին հեղինակավոր միջնորդների ներկայությունը պարտադիր է:
Հայ-ադրբեջանական համատեղ հայտարարության գնահատականն ու վերլուծությունները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: