2022-ին մեր երկրում ծայրահեղ աղքատությունը նվազել է 2021-ի համեմատ: Հարցը, սակայն, խիստ բազմաշերտ է: Նախ՝ այդ նվազումը հիմնականում պետության սոցիալական ծրագրերի շնորհիվ է, այսինքն՝ բարձրացել են կենսաթոշակն ու նպաստը, ոչ թե մարդիկ աշխատանք են գտել, բացի այդ, ըստ մասնագետների, տեղաշարժը դրական է, սակայն համահունչ չէ երկրում արձանագրված տնտեսական աճին:
Հաջորդ խնդիրը հաշվարկի մեթոդաբանությունն է: Երկրում դեռ կան ստվերային աշխատատեղեր, որոնք աղքատության ցուցանիշներում չեն արտացոլվում, նաև բնակչության մի զգալի մասը, թեև չունի աշխատանք, արտերկրից տրանսֆերտներ է ստանում, ու աղքատության օբյեկտիվ պատկերը հնարավոր չի լինում ստանալ:
Այս առումով իրավիճակը գուցե փոխվի համընդհանուր հայտարարագրման ներդրումից հետո:
Հաջորդ կարևոր ցուցանիշը՝ երկրում նվազել է բևեռացումը: Ամենաապահովների և ծայրահեղ աղքատների եկամուտների ճեղքը կրճատվել է՝ 14.3-ի փոխարեն տարբերությունը հիմա 13.2 անգամ է:
Իսկ որքա՞ն գումար է պետք մարդուն Հայաստանում լավ ապրելու համար. հարցի պատասխանը, ամսական մի քանի տասնյակ հազար դրամով ապրող մարդկանց խնդիրների և ծայրահեղ աղքատությունը վերացնելու Կառավարության նպատակի մասին՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: