Իլհամ Ալիևը Euronews-ի հետ հարցազրույցում հայտարարել է՝ եթե Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չստորագրեն, դա շատ վատ կլինի ամբողջ տարածաշրջանի համար: Նա հերթական անգամ Հայաստանին է մեղադրել՝ խաղաղության գործընթացն իբր ձգձգելու համար:
Միաժամանակ, Ալիևն ընդգծել է, որ խաղաղության հասնելու հարցում լավատեսությունը մեծացել է, իսկ բանակցային գործընթացն առաջ մղելու ճանապարհին, նրա խոսքով, լուրջ խոչընդոտներ այլևս չկան: Ալիևը հավելել է՝ «Շուրջ երեք տարի տևող բանակցությունների ընթացքում Հայաստանը մշտապես ցանկացել է խաղաղության համաձայնագրում ընդգրկել Ղարաբաղում հայկական փոքրամասնության հարցը: Բայց դրա դիմաց պետք է ներառվի Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի հարցը: Իսկ դրան հայկական կողմը դեմ է»,- նշել է Ալիևը, հավելել՝ եթե այս հարցը լուծվի, այլևս որևէ խնդիր չի մնա:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Բաքուն այժմ ուսումնասիրում է խաղաղության հնարավոր պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները:
«Աշխատանքային մակարդակով տարբեր խողովակներով կապ ենք պահպանում տարբեր պաշտոնյաների միջև։ Խաղաղությունն այլընտրանք չունի»,- նշել է Ալիևը, հավելել՝ Ադրբեջանը ցանկանում է վստահ լինել, որ Հայաստանն ապագայում, իբր, տարածքային պահանջներ չի ներկայացնի Ադրբեջանին։
Անդրադառնալով սեպտեմբերի 19-ի դեպքերին՝ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ պնդել է, թե իբր ոչ ոք չի ստիպել Լեռնային Ղարաբաղի հայերին հեռանալ, իսկ եթե նրանք ուզում են վերադառնալ, Ալիևի ձևակերպմամբ, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիության համար: