Գազայի հատվածում բախումները շարունակվում են: Reuters-ը գրում է, որ իսրայելական ուժերը հրթիռներ են արձակել պաղեստինյան անկլավի ուղղությամբ, թիրախում են հայտնվել նաև փախստականների ճամբարներ, հիվանդանոցներ. խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր:
ԶԼՄ-ները գրում են, որ ամենակատաղի մարտերն այժմ ծավալվում են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում: Իսրայելի սահմանամերձ տարածքներում էլ պայթյուններ են լսվել: Լարված է իրավիճակը նաև Իսրայել-Լիբանան սահմանին:
ՑԱՀԱԼ-ը և Հեզբոլլահը հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Իսրայելը պնդում է, որ թիրախավորում է միայն ՀԱՄԱՍ-ի զինյալներին և զգուշացնում քաղաքացիական անձանց հեռանալ վտանգավոր տարածքներից: Մինչդեռ, Գազայի հատվածում հայտնի է 17000-ից ավելի խաղաղ բնակիչների մահվան մասին, վիրավորների թիվը գերազանցում է 46,000-ը:
Զոհերի թվում կան նաև ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարած անձինք: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Գազայի հատվածի առողջապահական ենթակառուցվածքը կաթվածահար է և ի վիճակի չէ ընդունել օրեցօր ավելացող տուժածներին: Կազմակերպությունը կոչ է արել հրադադար հաստատել՝ մարդասիրական մատակարարումների համար:
Իսրայելական կողմը հայտարարում է, որ չի նախատեսում վերսկսել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցային գործընթացը, իսկ գերիների կվերադարձնի ռազմական ճանապարհով: ՑԱՀԱԼ-ը նաև հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ի մեծ թվով զինյալների է գերեվարել:
Միջազգային նորությունները ` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: