Կանադան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որում վերահաստատվում է երկխոսություն հաստատելու և խորացնելու մտադրությունը և հայտարարվում են երկու երկրների կողմից առաջարկվող վստահության և բարի կամքի ամրապնդման միջոցները։ Այդ մասին նշված է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հայտարարության մեջ:
«Կանադան ողջունում է 2 ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է համարում այն աջակցությունը, որի մասին երկրները միմյանց հայտնել են միջազգային մարմիններում։ Մենք ընդունում ենք քաղաքական երկխոսության այս աննախադեպ բացումը՝ որպես քայլ դեպի երկու երկրների միջև շարունակվող խաղաղ գործընթաց»,- ասված է Կանադայի ԱԳՆ պաշտոնական կայքում:
Նշվում է նաև, որ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային ճանապարհով քաղաքական լուծմանը՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների վրա, և խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված հետագա կոնկրետ միջոցառումները:
«Կանադան խրախուսում է կողմերի միջև երկխոսության շարունակումը և հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության ու կայունությանը աջակցելուն»,- նշված է Ժոլիի հայտարարության մեջ: