Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ այս ձմռանը Պաշտպանության ուժերի գլխավոր խնդիրներից մեկը թույլ չտալն է, որ ռուսական ուժերն առաջ շարժվեն և ամրապնդեն դիրքերը։ Վոլոդիմիր Զելենսկին շեշտել է՝ դա պետք է արվի, որքան էլ որ դժվար լինի:
Նա տեղեկացրել է, որ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին և այլ հրամանատարներ զեկուցել են իրեն մարտի դաշտում իրավիճակի մասին։
Ավելի վաղ Reuters-ը գրել էր, որ ռուսական և ուկրաինական կողմերը հայտնում են մեկը մյուսի հարձակումները հետ մղելու մասին: Խոսքը, մասնավորապես, Դոնեցկի, Կրասնի Լիմանի, Կուպյանսկի, Բախմուտի, Ավդեևվկայի ուղղությունների մասին է:
Զելենսկին երեկոյան ուղերձում խոսել է նաև Ուկրաինայի եվրաինտեգրման հեռանկարից:
Նա վստահեցրել է, որ Կիևը կատարում է Եվրամիությանն անդամակցության համար պահանջները: Զելենսկին տեղեկացրել է, որ Գերագույն ռադան մի շարք օրինագծեր է հաստատել ազգային փոքրամասնությունների իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում: