Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մասնակցել է «Իրավապաշտպանները Հայաստանում. Մարտահրավերներն ու ազատ գործելու հնարավորությունները նեղացող քաղաքացիական հասարակության պայմաններում» թեմայով քննարկման։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:
Իր բացման խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ ժամանակակից աշխարհակարգը կառուցված է իրավունքի գերակայության սկզբունքի վրա, և մարդը, նրա արժանապատվությունն ու իրավունքները պետք է գերակայեն ցանկացած այլ երևույթի նկատմամբ։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ այդ կարևորագույն արժեքների պաշտպանությունն իրականացնող դերակատարները՝ իրավապաշտպանները, պետք է պաշտպանված լինեն։
«Իրավապաշտպանների գործունեությունը պետք է լինի պաշտպանված։ Ցավոք, այսօր հաճախ ենք հանդիպում տարբեր բացասական երևույթների՝ ատելության խոսքի, թիրախավորման դեպքերի, անհանդուրժող և խտրական վերաբերմունքի, ինչը չափազանց վտանգավոր է։ Չափազանց լուրջ խնդիր եմ համարում նաև մեր միջավայրում առկա ծայրահեղ բևեռացումը, որը շատ դեպքերում անդրադառնում է իրավապաշտպանների գործունեության կամ դրա թիրախավորման վրա և որն անհրաժեշտ է հասցեավորել ու հաղթահարել»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Միջոցառման շրջանակներում քննարկվել են խոսքի և մամուլի ազատությանը, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանների խնդիրներին առնչվող հարցեր։
Քննարկումը կազմակերպել է «Մարդու իրավունքների տուն Երևան» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը՝ իրավապաշտպանների միջազգային օրվան ընդառաջ։