Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի ներկայացրած՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ ըստ էության, գործող կարգավորմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129 պրիմ 2 հոդվածի 7-րդ պարբերությունը առանց ԱՊՊԱ գործող պայմանագիր ունենալու ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցը վարելու համար սահմանում է տուգանք 100 հազար դրամի չափով:
Նույն հոդվածի 7-րդ պարբերությունը սահմանում է խրախուսող նորմ, ըստ որի՝ խախտում կատարած անձին հնարավորություն է ընձեռվում օգտվել տուգանքի 75 տոկոսի չափով պակաս վճարելու հնարավորությունից, այսինքն՝ 25 հազար դրամ: Դրան զուգահեռ կա երկու պահանջ, որպեսզի այս խրախուսող նորմը գործի:
«Քայլերը, որ պետք է իրականացնի քաղաքացին, հետևյալներն են՝ կնքի նոր ԱՊՊԱ պայմանագիր արձանագրությունը կնքելուց 24 ժամվա ընթացքում, և երկրորդ՝ նույն 24 ժամում պետք է տպած տարբերակով նույն ԱՊՊԱ պայմանագիրը, որը կնքվել է 24 ժամվա ընթացքում, ներկայացնի որևէ պարեկային ծառայողի, ընդ որում՝ պարզ չէ, թե պարեկային ծառայողին ինչպես պետք է մոտենա կամ ինչպես պետք է գտնի տվյալ քաղաքացին:
Ըստ այդմ՝ ձևավորվել է պրակտիկա, երբ քաղաքացիները բառացի ընկնում են փողոցներով և փորձում են գտնել պարեկային ծառայողի, որպեսզի փոխանցեն այդ փաստաթուղթը՝ որպես ապացույց, որ 24 ժամի ընթացքում պայմանագիրը կնքվել է: Առաջարկվող նախագծով առաջարկվում է ազատել ՀՀ քաղաքացիներին երկրորդ պարտավորությունից, որովհետև, ըստ էության, այդ տեղեկությունը հասանելի է պարեկային ծառայողներին և Ոստիկանությանը»,- ասաց պատգամավորը՝ նշելով՝ ՆԳ նախարարության ոստիկանության հետ քննարկել են որոշ տեխնիկական հարցեր՝ տեղեկության հասանելիության հետ կապված:
Աղաջանյանի խոսքով՝ հստակ է, որ այս նախագծի ընդունման արդյունքում նման վիճակում հայտնված մեր քաղաքացիների կյանքը կհեշտանա, քանի որ եղել են դեպքեր, երբ քաղաքացիներն օրենքի չիմացության պատճառով երկու անգամ են տուգանքը վճարել:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ նպատակը լավն է, սակայն արդյոք 25 հազարը մեծ գումար չէ:
Հարակից զեկուցող, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը պարզաբանեց՝ 25 հազարն այն թիվն է, որը նպաստում է, որպեսզի մարդիկ չսպասեն տուգանվելուն, որից հետո խրախուսող նորմեր կկիրառվեն:
Նրա խոսքով՝ Աղաջանյանի նախագծով այլևս անհրաժեշտություն չի առաջանում ապացույցը տանել և ներկայացնել ոստիկանությանը, որպեսզի խրախուսող նորմը կիրառվի:
«Շատ ողջունելի նախագիծ է: Սրա լուծումը բավական պարզ է՝ ծրագրատեխնիկական է»,- նշեց Խաչատրյանը՝ խնդրելով կողմ քվեարկել նախագծին:
Հարակից զեկուցող, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ Աղաջանյանի ներկայացրած նախագծի մասով ըստ էության Կառավարության դիրքորոշումը դրական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի հետ առնչվող և օրինապահ վարքագիծ դրսևորող քաղաքացիները, հնարավորինս քիչ վարչարարական պրոցեսների մեջ ներգրավվեն:
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ պարզաբանեց՝ ԱՊՊԱ պայմանագրերի հետ կապված հետևյալ իրավիճակն ունեինք. եթե տրանսպորտային միջոցը վարելիս անձը չունի ԱՊՊԱ պայմանագիր, ապա տուգանվում է 100 հազար դրամի չափով, սակայն եթե դրսևորում է պատասխանատու գործելաոճ 24 ժամվա կտրվածքով, ապա այս դեպքում խրախուսելի նորմը կիրառելի է անձի նկատմամբ, և գումարի 25 տոկոսն է միայն վճարում տվյալ անձը:
«Վստահ ենք, որ նախագիծն օրինական ուժի մեջ մտնելու պարագայում տեխնիկական խնդիրներ չեն առաջանա, և պարեկային ծառայողները կունենան հնարավորություն՝ ավտոմատ կերպով տեսնելու այն դեպքերը, երբ 24 ժամվա ընթացքում անձը վճարել է 25 տոկոսը, և ըստ այդմ կկազմեն համապատասխան արձանագրություն և վարչական պատասխանատվությունը կփակեն 25 տոկոսի վճարման շրջանակներում»,- մանրամասնեց Արփինե Սարգսյանը:
Նա հույս հայտնեց նաև, որ նախագիծը ուժի մեջ մտնելու պայմաններում 10 օրվա ընթացքում որևէ խնդիրներ չենք արձանագրի: