Մոսկվան ողջունում է Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու՝ երկու երկրի մտադրությունը՝ ասված է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդագրության մեջ: «Ռուսաստանը հետևողականորեն առաջ է տարել պահվող անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու գաղափարը»,- նշել է Մարիա Զախարովան։
«Դա նպաստում է վստահության ամրապնդմանը և նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման գործում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին համահունչ։ Պատրաստ ենք շարունակել աջակցությունը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման և քաղաքացիական հասարակության գծով շփումների հարցում։
Նաև ողջունում ենք այն փաստը, որ Հայաստանը՝ որպես բարի կամքի քայլ, իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը: Ինչպես նաև Ադրբեջանի աջակցությունը Արևելյան Եվրոպայի խմբի COP-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի թեկնածությանը:
Ռուսական կողմը՝ ի դեմս կլիմայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի, Բաքվի և Երևանի հետ շփումներ է ունեցել, որոնց նպատակն էր հասնել վերոնշյալ հարցի շուրջ ընդհանուր համաձայնության»,- ասվում է հայտարարության մեջ։