Հայրենիքի հերոսների օրվա առթիվ պարգևատրման արարողությունից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի մարտին կայանալիք ընտրությանը:
Պետության ղեկավարի պաշտոնում Պուտինի ներկայիս լիազորությունների ժամկետը լրանում է հաջորդ տարվա մայիսի 7-ին։
Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ նախագահի ընտրությունները կանցկացվեն երեք օրվա ընթացքում՝ մարտի 15-17-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովայի խոսքով՝ քվեարկությունն առաջին անգամ տեղի կունենա «նման տոքսիկ աշխարհաքաղաքական իրավիճակում»։
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահի պաշտոնում ընտրվել է չորս անգամ՝ 2000, 2004, 2012 և 2018 թվականներին։ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո նա իրավունք ստացավ իր թեկնածությունն առաջադրել նաև 2024 թ. ընտրությանը:
Ընտրությանը մասնակցելու մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Պետդումայի նախկին պատգամավոր Բորիս Նադեժդինը և լրագրող Եկատերինա Դունցովան։