2021 թվականի սկզբից ՀՀ կառավարությունը որդեգրել է մետաղի ջարդոնի ոլորտում արժեշղթաների երկարացման քաղաքականություն: Այդ ժամանակից ի վեր մետաղի ջարդոնի արտահանումն արգելվել է: Դա հանգեցրել է նրան, որ այդ ընթացքում մի շարք մետալուրգիական ընկերություններ են բացվել և բացվում, որի արդյունքում այդ ոլորտը բավական արագ զարգանում է: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 8-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով ջարդոնների մասով պետտուրք սահմանելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Այս գործողությունն ունի շարունակություն, որի վերաբերյալ մենք բերել ենք նախագիծ. դա մետաղի ջարդոնից ստացված կիսապատրաստվածքների արտահանման պետտուրքի սահմանումն է, որի արդյունքում արդեն կիսապատրաստվածքների արտահանումը կդժվարանա, և եթե արտահանվի, ապա դրա դիմաց կվճարվի համապատասխան պետտուրք: Բայց նպատակն այն է, որպեսզի խրախուսվի ավելի երկար արժեշղթաների իրագործումը Հայաստանում, այսինքն՝ արտադրվի վերջնական արտադրանք»,- ասաց նա և մանրամասնեց, թե ինչ է նախատեսվում նախագծով. «Մեր կողմից առաջարկվող նախագծով մի շարք կիսապատրաստվածքների վրա արտահանման պետտուրք է դրվում, որը կբերի արժեշղթաների երկարացմանը»:
Նախարարը նաև հիշեցրեց, որ ջարդոնների մշակման երկու գործարան կա Չարենցավանում, մեկը՝ Քարակերտում, իսկ Երասխում նմանատիպ գործարանի շինարարությունն ընթանում է:
ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, արձագանքելով նախագծին, ասաց, որ գնում են այն ճանապարհով, որ ՀՀ-ից արտահանվի ոչ թե հումք, ջարդոն կամ կիսապատրաստվածք, այլ պատրաստվի արտադրանք: Նա նաև հիշեցրեց, որ ժամանակին ընդունվել էին մետաղի ջարդոնի ավելի բարձր տուրքեր, հետո Կառավարությունն արգելեց մետաղի ջարդոնի արտահանումը, որից հետո սկսեցին ջարդոնի փոխարեն կիսաֆաբրիկատներ ձուլել, ինչը, սակայն, ևս ջարդոն է, այժմ արդեն տուրք են սահմանում ջարդոնի համար:
Քերոբյանը պատասխանեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարցին, թե ինչ ճակատագիր են ունենալու ճանապարհներին թափված ջարդոնները: Ըստ նախարարի՝ հաշվարկները ցույց են տալիս, որ ջարդոնի ծավալների սղություն է լինելու առաջիկայում, ինչի արդյունքում ջարդոնի կարիք ունեցողները գնալու են ճանապարհներին թափված թափոնների հետևից: