Արդարադատության նախարարի տեղակալներ Կարեն Կարապետյանը և Արա Մկրտչյանը ներկա են եղել ԵՄ-Հայաստան արդարադատության երկխոսության երրորդ հանդիպմանը։ Կարեն Կարապետյանն իր ելույթում մատնանշել է երկխոսության հարթակի կարևորությունը՝ որպես արդարադատության ոլորտում ՀՀ-ԵՄ կայուն և արդյունավետ փոխգործակցության վառ օրինակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից:
Հանդիպման առաջին հատվածում Կարեն Կարապետյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջնահերթությունները, Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության իրականացման ընթացքը, Հակակոռուպցիոն 2019-2022 թթ. ռազմավարությունը և նոր 2023-2026 թթ. ռազմավարության ու դրանցից բխող գործողությունների ծրագրի ոլորտային ուղղություններն ու առաջիկա ծրագրերը։ Դեսպան Մարագոսն իր ելույթում ընդգծել է արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության բարձր մակարդակը, ինչպես նաև վերահաստատել ոլորտային աջակցության շրջանակի ընդլայնման ԵՄ պատրաստակամությունը։
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դավիթ Քալլեն իր խոսքում բարձր է գնահատել ոլորտային բարեփոխումների իրականացման հավակնոտ օրակարգը և մատնանշել մի շարք ոլորտներ, որով ԵՄ-ն իր ամբողջ գործիքակազմի միջոցով պատրաստակամություն է հայտնում աջակցություն ցուցաբերելու ՀՀ կառավարությանը: Վերջինս կարևորել է նաև բարեփոխումների իրականացման ընթացքում հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը:
Հանդիպմանը ներկա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձ են կատարել դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներին, բարձրաձայնել ՔՀԿ-ների կողմից վերհանված ոլորտային խնդիրների մասին և քննարկել դրանք պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման երկրորդ հատվածում Կարեն Կարապետյանը ներկայացրել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը Փուլ I և II» բյուջետային աջակցության համաձայնագրերի կատարման ընթացքը։
Համաձայնագրի առաջին փուլով ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք աջակցությունը կազմում է առավելագույնը 27 մլն եվրո (ևս 3 մլն եվրո լրացուցիչ աջակցություն), իսկ երկրորդ փուլով` 9 մլն եվրոյի չափով (ևս 2 մլն եվրո լրացուցիչ աջակցություն)։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություններ են ձեռք բերվել առավել խորացնելու և ընդլայնելու ԵՄ-ի հետ տարիներ ի վեր ձևավորված կայուն փոխգործակցությունը։