ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուն՝ Մանվել Բադալյանը, կարևորեց ոլորտում տնտեսական ազատ մրցակցությունը, մենաշնորհների գերակա դիրքերի հետ կապված խնդիրների հաղթահարումը, բայցև ընդգծեց, որ վերջին տարիներին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում «բավականին հետաքրքիր» առաջադիմական լուծումներ են տեղ գտել, որոնք է՛լ ավելի են պարզեցնում ձեռնարկատիրության ասպարեզում ընդունված խաղի կանոնները:
«Մի կողմից, որքան տեղյակ եմ, տնտեսվարողները երբեմն բողոքում են, որ դա կոշտ մահակ է, բայց մյուս կողմից՝ միշտ եղել եմ այն կարծիքին, որ ցանկացած բնագավառում, ցանկացած ասպարեզում մեր հասարակական-հանրային կյանքի կազմակերպման գործում մենք պետք է առաջին հերթին ապավինենք ինստիտուցիոնալ լուծումների, օրենսդրական լրջագույն կարգավորումների, որոնք մաքսիմալ նվազեցնում են մարդու սուբյեկտիվ գործունեության դաշտը, նվազեցնում են մարդու գործոնը»,- ասաց նա և հավելեց, որ այդ իմաստով ցանկացած օրենսդրական լուծում միայն ողջունելի է համարում:
Մանվել Բադալյանը նաև նշեց, որ պետք է աշխատել պետական մրցակցության պաշտպանության ոլորտում մենաշնորհների և հովանավորչության մասով երևույթները հնարավորինս վերացնելու ուղղությամբ:
Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի՝ հովանավորչության մասին հարցին, թե ինչ կարծիք ունի թեկնածուն այդ մասին, նա նշեց, որ հովանավորչությունը մերժելի է իր համար բոլոր ասպարեզներում՝ և՛ տնտեսական գործունեության, և՛ քաղաքական հովանավորչության, նաև կադրային հովանավորչության, և առհասարակ այն սկզբունքորեն անընդունելի է համարում:
«Հովանավորչությունը մեր երկրում ունի մի քանի պատճառներ: Դա երևի մեր գենետիկայում կա, մյուսը հետխորհրդային ավանդույթներն են, որոնք, բնականաբար, հասարակարգի փոփոխությամբ չեն վերանում, և նաև պայմանավորված են նրանով, որ գրեթե բոլորս բոլորիս ճանաչում ենք, ընկեր ենք, ծանոթ ենք, բարեկամ ենք և այլն:
Ձեռնարկատիրության ասպարեզում, այո՛, հովանավորչությունն անընդունելի է, ով էլ լինի»,- ասաց թեկնածուն:
Մանվել Բադալյանը նաև տեղեկացրեց, որ մինչև ԱԺ-ում ելույթ ունենալը, հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, պատասխանել նրանց հարցերին:
Հանդիպմանը հարց է հնչել նաև հովանավորչության մասին, նա էլ իր կարծիքն է հայտնել, որ հանձնաժողովի անդամները պետք է կարողանան վեր կանգնել բոլոր տեսակի սուբյեկտների, միջնորդների միջամտություններից, ճնշման փորձերից: