Դեկտեմբերի 8-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի նախագահությամբ տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում՝ նվիրված հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք Փախստականների համաշխարհային ֆորումին Հայաստանի մասնակցությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:
«Քննարկման ընթացքում ներկայացվել են փախստականների պաշտպանության հարցերով ՀՀ առաջնահերթությունները, մասնավորապես, ընդգծվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու նպատակով միջազգային հանրության կողմից աջակցության տրամադրման կարևորությունը ոչ միայն հրատապ խնդիրների լուծման, այլ նաև միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման, կայուն կենսապայմանների ստեղծման նպատակով: Այս համատեքստում նշվել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատանքների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
Հայաստանի կողմից Ֆորումի ընթացքում ստանձնվելիք կամավոր պարտավորությունների համատեքստում տեղեկացվել է, որ դրանք ներառում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ԼՂ փախստականների համար տնտեսական գործունեության, աշխատանքի և կացարանների ձեռքբերման հնարավորությունների ստեղծումը, առողջապահական ծառայությունների մատչելիության և կրթության իրավունքի ապահովումը, կանանց համար հատուկ ծրագրերի իրականացումը և այլն:
Ներկաներն ընդգծել են, որ Հայաստանը, ունենալով փախստականների ընդունման և նրանց կարիքների ապահովման երկարամյա փորձ, ֆորումի ընթացքում կկիսվի նաև փախստականների հետ աշխատանքի իր դրական փորձով:
Հանդիպմանը, բացի Ֆորումի աշխատանքներին մեկնող պատվիրակության անդամներից, մասնակցել են նաև շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, փախստականներ: