Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Մոսկվայում բնակվող քրոջ՝ Բերդ քաղաքի առանձնատուն և խառնել իրերը: Այս մասին տեղեկացրին ՆԳՆ ոստիկանությունից:
«ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Տավուշի բաժին է տարվել 16-ամյա մի պատանի: Բաժնում նա խոստովանել է, որ նոյեմբերի վերջերին տեխնիկական միջոցի գործադրմամբ առաստաղից անցք բացելով՝ մտել է համաքաղաքացու չբնակեցված առանձնատուն և գողացել էլեկտրական մսաղաց, հյութքամիչ, դաշույն, բաժակներ, ոգելից խմիչքներ, կանացի զարդեր, մեդալներ: Հայտնել է նաև, որ գողոնի մի մասը թաքցրել է նշված առանձնատան հետնամասում՝ հետագայում տանելու նպատակով, իսկ մի մասը տարել է իրենց տուն:
Գողոնը հայտնաբերվել է:
16-ամյա պատանին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ: