2023 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր, որով հիմքեր են ստեղծվում Հայաստանի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման ու ամրապնդման համար: Այդ մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 8-ի նիստին ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:
Ըստ Մուրադյանի՝ փաստաթղթով նախատեսվում են մաքսային հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերում և այդ նպատակով տեղեկատվության փոխանակում: Համաձայնագրի կիրառումը կարևոր կլինի նաև հետբացթողումային հսկողության շրջանակում իրականացվող հարցումների իրավական հիմքերն ապահովելու համար:
«Համաձայնագրի կիրառմամբ կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև, ինչն էլ իր դրական ազդեցություն կունենա Հնդկաստանից ՀՀ ներմուծման և ՀՀ-ից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծումների վրա»,- ասաց Աշոտ Մուրադյանը և հավելեց՝ համաձայնություն է ձեռք բերվել նաև, որ տեղեկությունների փոխանակումը չպետք է օգտագործվի այլ նպատակով, այլ միայն մաքսային վարչարարության իրականացման համար:
Հարակից զեկուցող Բաբկեն Թունյանը հույս հայտնեց, որ համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճին: