Երևանում անցկացվել է անասնաբուժական միջոցառումների վերաբերյալ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանային համագործակցության 2-րդ սեմինարը` ԱՄՆ պաշտպանության սպառնալիքի նվազեցման գործակալության (DTRA) աջակցությամբ:
Ինչպես հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմն ու Վրաստանի պարենի ազգային գործակալության և գյուղատնտեսության պետական լաբորատորիայի պատվիրակությանը։
Աշխատաժողովի նպատակն էր առավել հանգամանալի քննարկել երկրների անասնաբուժական ընթացակարգերն ու ծրագրերը՝ անդրադառնալով այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են կենդանիների նույնականացման, գրանցման և հետագծելիության համակարգերը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Դավիթ Կարապետյանը ողջունել է հյուրերին և ընդգծել հանդիպման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կունենա արդյունքահենք նշանակություն` ամուր հիմք ստեղծելով շարունակական համագործակցության համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանի խոսքով՝ հատկապես անասնաբուժության մասով խնդիրները ոչ միայն Հայաստանում և Վրաստանում, այլև ամբողջ աշխարհում բազմաթիվ են, և համատեղ քննարկումները կարող են նպաստել դրանց շուտափույթ, համակարգային լուծմանը։
Վրաստանի պարենի ազգային գործակալության ղեկավարի տեղակալ և ԿԱՀԿ պատվիրակ Վասիլի Բասիլաձեն նշել է՝ նախաքովիդյան շրջանում ՀՀ ՍԱՏՄ-ի հետ արդյունավետ գործակցության սկիզբ է դրվել, և սա լավ հնարավորություն է կառուցողական փոխգործակցության համար։ Բասիլաձեն ներկայացրել է նաև Վրաստանի պարենի ազգային գործակալության կառուցվածքը, գործառույթները, իրականացվող հիմնական միջոցառումները, նաև շեշտել, որ չափազանց կարևոր է երկու երկրների փորձի փոխանակումն ու անասնաբուժական հիվանդությունների ռիսկերի վերաբերյալ համատեղ քննարկումները։
Կողմերը ներկայացրել են Հայաստանում և Վրաստանում համաճարակաբանական իրավիճակի, կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների՝ մասնավորապես բրուցելոզի, լեյկոզի և տուբերկուլոզի դեմ իրականացվող անասնահամաճարակային մշտադիտարկումները, քննարկվել են կենդանիների նույնականացման, գրանցման և հետագծելիության համակարգերը, բարեկամ երկրների միջև փորձի և տեղեկատվության փոխանակման մեխանիզմները։ Վրացի փորձագետներն այցելել են նաև ՍԱՏՄ ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ և անասնաբուծական ֆերմաներ:
Միջոցառման ավարտին, փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, մասնակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ընդլայնել անասնաբուժական ոլորտում համագործակցությունը երկու երկրների միջև: