Ըստ Համաշխարհային բանկի հայտարարության՝ Հայաստանն ընտրվել է «Պետության և խաղաղության կառուցման հովանոցային հինադրամի» նոր դրամաշնորհ ստանալու համար՝ երկրի 200-ից ավելի դպրոցներում Լեռնային Ղարաբաղի շրջանից տեղահանված երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը և հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համար։
Դրամաշնորհով ֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի կողմից առաջիկայում համատեղ իրականացվելիք ծրագիրը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ։
2.9 միլիոն դոլար դրամաշնորհային գումարը կուղղվի Հայաստանի դպրոցներում տեղահանված երեխաների և դեռահասների սոցիալական ինտեգրմանը և դպրոցների անձնակազմի կարողությունների զարգացմանը և մենթորինգին՝ տեղահանված երեխաներին և դեռահասներին, նրանց ընտանիքներին և ընդունող (հյուրընկալող) համայնքների աշակերտներին հոգեկան առողջության և հոգեբանասոցիալական համապատասխանեցված աջակցության տրամադրման համար։
Այն տեխնիկական աջակցությունը կցուցաբերի կրթական համակարգում տեղահանված երեխաների և դեռահասների ինտեգրման համապարփակ մոտեցում, ինչպես նաև հոգեկան առողջության և հոգեբանասոցիալական աջակցության մասնագիտացված ծրագրի նախագծում՝ դպրոցներում փոփոխության վրա հիմնված ուսուցման, տեղական համայնքների հետ գործակցության և մոնիթորինգի ու գնահատման ամուր համակարգերի համակցման միջոցով։ Դրամաշնորհային ծրագիրը կօժանդակի նաև նոր ուսումնական ծրագրում հոգեկան առողջության և հոգեբանասոցիալական աջակցության տրամադրման ինտեգրմանը։
«Պետության և խաղաղության կառուցման հովանոցային հինադրամը» (State and Peacebuilding Umbrella Trust Fund) Համաշխարհային բանկի կողմից կառավարվող բազմադոնորային գլոբալ հիմնադրամ է, որը գործընկերների հետ աշխատում է փխրունության, հակամարտության և բռնության դրդապատճառներին և ազդեցություններին անդրադառնալու և երկրների և ազդակիր բնակչությունների, համայնքների և կառույցների դիմակայնությունը բարձրացնելու ուղղությամբ։ Հիմնադրամին աջակցում են Դանիան, Գերմանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան։
Համաշխարհային բանկը ներկայումս Հայաստանում ֆինանսավորում է 500 միլիոն ընդհանուր արժեքով 10 ծրագիր։ Հայաստանում 1992 թ․ իր գործունեության սկզբից ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 2.7 միլիարդ դոլար է տրամադրել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), որի դոնոր Հայաստանը դարձավ 2023 թ․, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։ Համաշխարհային բանկը հանձնառու է շարունակելու իր աջակցությունը Հայաստանի զարգացման ուղուն՝ վերջ դնելու ծայրահեղ աղքատությանը և խթանելու ընդհանուր բարգավաճումը ապրելու մոլորակի վրա: