Ռուսաստանից հնչող վերջին մեկնաբանությունների համաձայն՝ կասկածի տակ են դրվում Հայաստանի՝ Արևմուտքից ձեռք բերած զենքերը: Այս դիտարկմանն ի պատասխան ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասաց.
«Ես նախ մասնագետ չեմ ռազմական ոլորտում, բայց կարծում եմ, որ Հայաստանը շատ լավ ուսումնասիրում է, թե ինչ զինամթերք է ձեռք բերում, և այն փոխվստահությունը, որ կա մեր և այն գործընկերների միջև, որոնք Հայաստանին որոշակի պաշտպանական միջոցներ են տրամադրում, կարծում եմ՝ շատ ապահով են: Այստեղ լրացուցիչ պարզաբանումների համար ես կառաջարկեմ խոսել պաշտպանական գերատեսչության հետ, որպեսզի վստահեցնեն, որ այդ մեկնաբանությունները, որոնք արվում են ռուսական կողմից, տրամաբանական և ստույգ չեն»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի վերաբերյալ պայմանագրի չկատարմանը, ապա Խանդանյանն ասաց. «Հանդիպումների և շփումների ընթացքում պատգամավորներտը ևս այդ հարցը պարզաբանում են, և հույս ունեմ, որ այդ հարցը գործընկերային մթնոլորտում կլուծվի, և այն պարտավորությունները, որոնք ՌԴ-ն ստանձնել է, որևէ կերպ կկատարի Հայաստանի նկատմամբ»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ ԵԱՏՄ կամ ԱՊՀ շրջանակներում հարցը ՀՀ վարչապետի մասնակցությամբ քննարկվի, Սարգիս Խանդանյանն ասաց.
«Վարչապետի մասնակցության վերաբերյալ առայժմ տեղեկատվություն չունեմ, բայց գիտեք, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգը բավականին լայն է, և հնարավոր է նաև այդ հարցը քննարկվի, եթե լինեն երկկողմ հանդիպումներ»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե կարող է Հայաստանը Ռուսաստանին դատի տալ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար: «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Գործնականում, ես ասացի, որ, մենք նպատակ ունենք գործընկերային մթնոլորտում բոլոր հարցերը կարգավորել»,- ասաց Սարգիս Խանդանյանը: