ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարբեր հարթակներում միջնորդների նախաձեռնությամբ անցկացվող հանդիպումներին:
«Օրվա և պայմանների մասին տեղեկատվություն այս պահին չկա, բայց Հայաստանը միշտ կողմ է արտգործնախարարների մակարդակով բանակցությունների շարունակմանը, և մենք հույս ունենք, որ ԱՄՆ մեր գործընկերները բավարար ջանք և գուցե նաև ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի բանակցությունները Վաշինգտոնում շարունակվեն»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Մոսկվայում բանակցությունների անցկացմանը, ապա դրանց մասին շատ հստակ ժամկետներ և առաջարկներ չեն հնչել: «Կարծեմ՝ նախորդ իմ ճեպազրույցի ժամանակ ասացի, որ շատ կարևոր է բանակցությունների տրամաբանության շարունակականության ապահովումը, և ձևավորվել է մի տրամաբանություն, որ ԱԳ նախարարների մակարդակով ընթացել են բանակցությունների ռաունդներ Վաշինգտոնում, և երկրների ղեկավարների մակարդակով՝ Բրյուսելում, և շատ լավ կլինի, որ ամեն ինչ նոր կետից չսկսելու համար այդ շարունակականությունը ապահովվի:
Բրյուսելյան, վաշինգտոնյան հարթակները չեն չեղարկվում. ընդհակառակը՝ մենք սպասում ենք, որ այդ բանակցությունները կշարունակվեն»,- ասաց Սարգիս Խանդանյանը: