Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի խոսքով՝ մեկ տարուց ավելի է, ինչ գործում են Հայաստանի Հանրապետության նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը, և նոր օրենսգրքերի կիրառման ընթացքում առօրյայում առաջ են գալիս խնդիրներ ու հարցեր, որոնց լուծման համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան կարգավորումներ:
«Ձեր քննարկմանն եմ ներկայացնում նախագիծ, որը նախատեսում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, քրեական դատավարության օրենսգրքում և քրեակատարողական օրենսգրքում: Նախագիծը մշակվել և քննարկման է ներկայացվում շահագրգիռ բոլոր մարմինների, ոլորտի ակադեմիական, բարձր հեղինակություն ունեցող մասնագետների և պետական գերատեսչությունների բացարձակ համաձայնության և կոնսենսուսի արդյունքում, և կատարվում են մի շարք կարևոր ու էական փոփոխություններ»,- տեղեկացրեց Մկրտչյանը:
Անդրադառնալով քրեական օրենսգրքում կատարվող փոփոխություններին՝ նշեց՝ նախատեսվում է առողջությանը թեթև վնաս պատճառելու հանցակազմի համար սահմանել այնպիսի ծանրացնող հանգամանք, որն է` արարքը ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կատարելը:
«Հաջորդ կարևոր փոփոխությունն ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույցներ ներկայացնելը սահմանում ենք քրեական վարույթների ընթացքում, եթե արարքները կատարվել են քրեական վարույթների ընթացքում:
Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխություններից ամենաէականը կարելի է ասել՝ ավելացնում ենք առանձին գլուխ՝ հատուկ վարույթ՝ համաձայնությամբ տուգանք նշանակելը, ինչն իրենից ենթադրում է, որ նախաքննության ավարտին, եթե անձը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու համար, առաջին անգամ է հանցանք կատարել և փաստաբանի ներկայությամբ համաձայնություն է տալիս, որպեսզի իր նկատմամբ կիրառվի համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը, ապա քննիչն արձանագրում է տվյալ իրավիճակը, ստանում դատախազի համաձայնությունը և այս վարույթի շրջանակներում քրեական վարույթը փոխանցում դատաքննությանը: Դատավորը սահմանված ժամկետում նշանակում է տվյալ հանցագործության համար սանկցիայում առկա տուգանքի նվազագույն չափով պատժատեսակը»,- մանրամասնեց նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ նման կարգավորումը հնարավորություն կտա բեռնաթափել նախաքննական և դատաքննական մարմինների ծանրաբեռնվածությունը, պրոցեսն իրականացնել կարճ ժամանակում:
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է լիազորող նորմ ամրագրել, որը թույլ կտա առողջապահության նախարարին սահմանելու քրեական վարույթին մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հավաստող փաստաթղթի տրամադրման կարգն ու ձևը՝ նպատակ հետապնդելով վերացնել վարույթի մասնավոր մասնակիցների կողմից դրսևորվող անհարկի չարաշահումները:
Արա Մկրտչյանը նաև հայտնեց՝ Քրեական դատավարության օրենսգրքով կարգավորված չէ, թե գրավ ընտրելուց հետո որքան ժամկետում պետք է կատարվի վճարումը:
Գործնականում ժամկետն ընտրվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ ողջախոհությունից ելնելով, և մեղադրյալի կողմից գրավը տևական ժամկետով չմուծելը շատ դեպքերում պատճառաբանվում է օրենքով ժամկետ սահմանված չլինելու հանգամանքով, ինչպես նաև վիճարկվում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշակի ժամկետ սահմանելու հանգամանքը, ուստի տարըմբռնումներից, ինչպես նաև այն իրավիճակներից խուսափելու համար, երբ գրավի կիրառումից հետո գրավի գումարը չի վճարվում, և ստեղծված պայմաններում ստացվում է, որ գրավ կիրառելու մասին որոշումը թողնվում է անկատար, նախագծով առաջարկվում է սահմանել, որ գրավը որպես խափանման միջոց ընտրված է համարվում գրավի գումարը մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու պահից: Միևնույն ժամանակ, գրավատուի կողմից գրավը չմուծելու դեպքերը դիտարկվելու են մեղադրյալի կողմից պարտականությունների չկատարում, և հիմք են տալու մեղադրյալի նկատմամբ առավել պիտանի խափանման միջոց ընտրելու:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին՝ ինչպես է որոշվելու՝ հանցանքը ռասայական, թե այլ շարժառիթներով է կատարվել, ում վկայությունն է հիմք հանդիսանալու նման դիրքորոշման համար, Մկրտչյանը պարզաբանեց՝ ոչ թե ծանր հանցանքների մասին ենք խոսում, այլ տվյալ հանցանքում ծանրացնող հանգամանքի մասին, այսինքն՝ եթե անձի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս, և արարքը չունի որևէ ծանրացնող հանգամանք, դրա համար ավելի թեթև պատժատեսակ է նախատեսված, իսկ եթե նույն արարքը կատարվել է որևէ ծանրացնող հանգամանքի զուգորդմամբ, ապա դրա համար մի փոքր ավելի ծանր պատասխանատվություն է նախատեսված: