Սյունիքի, Տավուշի մարզերից քաղաքացիները հաճախ գալիս, հասնում են ՔԿՀ-ի մոտ՝ իրենց հարազատներին տեսակցության, կանգնում են 1 օր հերթի, և արդեն փչացած ապրանքը ստիպված հետ են տանում: Այդ մասին խնդիրը Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 8-ի նիստին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց` հիշեցնելով, որ 2019-ին առաջին անգամ միասին են այցելել «Արմավիր» ՔԿՀ, և նույնիսկ կարծիք է հնչել, որ հանցագործություն կատարած քաղաքացին այդ պայմաններին արժանի չէ:
«Եկեք արձանագրենք, որ վերջին 3-4 տարիների ընթացքում «աութսորսի» արդյունքում սննդի որակը ՔԿՀ-ներում էապես բարձրացվել է և համապատասխանում է այն որակին, որը սովորաբար բնորոշ է քաղաքակիրթ երկրներին»,- ասաց պատգամավորը, ապա անդրադարձավ նաև Գառնիկ Դանիելյանի բարձրաձայնած՝ հանձնուքների մասով խնդրին և ՔԿՀ-ի հերթերի կուտակմանը. «Առաջին հարցը՝ ինչո՞ւ էր ձևավորվել այդ հանձնուքի կուլտուրան: Հանձնուքի կուլտուրան ձևավորվել է հենց այն պատճառով, որ մարդիկ նորմալ սնունդ չէին կարողանում ստանալ: Եվ, իրոք, դա կատաստրոֆա էր: Այն, ինչ տեսել եմ իմ աչքերով, դա կատաստրոֆա էր՝ համեմատած նրա հետ, թե մենք ինչ ունենք այսօր»:
Վլադիմիր Վարդանյանը չհերքեց՝ հանձնուքների հետ կապված խնդիրներ կան, բայց նաև կարծիք հայտնեց, որ հանձնուքների միջոցով հաճախ փորձ է արվում ՔԿՀ-ներ անցկացնել արգելված նյութեր, ուստի հերթերի խնդիրը կապված է նաև այդ խնդրի լուծման հետ: