Սնանկության վարույթը՝ սկսած դրա հարուցումից մինչև ավարտը, էլեկտրոնային եղանակով կիրականացվի: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 8-ի նիստին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
Ըստ նախարարի տեղակալի՝ «Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությամբ է նախատեսված մշակել, ներդնել, գործարկել էլեկտրոնային դատարան, և այս համատեքստում այժմ կներդրվի դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի՝ սնանկության գործերով էլեկտրոնային մոդուլը:
«Էլեկտրոնային սնանկության համակարգի ներդրումը պահանջում է դրան համապատասխան օրենսդրության առկայություն, որը հնարավորություն կտա սնանկության վարույթը՝ սկսած դրա հարուցումից մինչև ավարտը, հնարավորինս իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ առանց լրացուցիչ փաստաթղթաշրջանառության և առավելագույնս բացառելով մարդկային միջամտությունը»,- ասաց նախարարի տեղակալը և հավելեց, որ էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրումը բխում է միջազգային չափանիշների պահանջներից:
Նախագծով հստակեցվում է նաև սնանկության դիմումին կից փաստաթղթերի ցանկը, որը դիմողը պարտավոր է ներկայացնել: Կսահմանվի նաև ժամանակավոր կառավարչի համար ռացիոնալ վճար: Օրինակ՝ ներկայիս սնանկության ժամանակավոր կառավարիչները, ըստ նախարարի տեղակալի, կարճ ժամանակահատվածի համար և քիչ գործողություններ կատարելով, ստանում են բավականաչափ աշխատավարձ, իսկ նախագծով սահմանվում է ռացիոնալ վճար:
«Այսպիսով` ամեն ինչ տեղի է ունենալու էլեկտրոնային եղանակով, և մարդկային շփումը հասցվել է մինիմումի»,- ասաց Արա Մկրտչյանը:
Հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանը հիշեցրեց՝ էլեկտրոնային ռազմավարությունը վաղուց է ընդունվել, և նախագծով առաջարկվում է էլեկտրոնային արդարադատության մի մասի՝ սնանկության գործերով վարույթներ հարուցելու գործընթացի թվայնացում: