Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող ոլորտային ներպետական և ԵՄ ոլորտային օրենսդրության ներդաշնակեցում, որը, որպես պարտավորություն, Հայաստանը ստանձնել է ՀՀ, ԵՄ և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքի նախագծով նախատեսվում է օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում այդ կայանքներում հոսակորուստների դիտանցման, դրանց արդյունքների հաշվառման կարգի և հաշվառման մատյանի ձևի հաստատման Կառավարության լիազորությունը: Նոր իրավակարգավորումների արդյունքում ոլորտում հնարավոր կլինի ապահովել հասարակական հարաբերությունների կարգավորման նոր մակարդակ` համահունչ ժամանակակից գիտական պահանջներին և միտումներին:
Ըստ հիմնական զեկուցողի` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության ներկայացրած առաջարկությունների հիման վրա նախագծերի փաթեթը լրամշակվել է. կատարվել են մի շարք տեխնիկական փոփոխություններ:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: