Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Նարինե Ավետիսյանի թեկնածությունը:
Թեկնածուին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 7-ի նիստին ներկայացրեց մրցութային խորհրդի անդամ Արթուր Հովսեփյանը:
Նարինե Ավետիսյանը 2003-2005 թվականներին սովորել է Մարտունի քաղաքի Հումանիտար քոլեջի իրավագիտության ֆակուլտետը, 2007-2011 թթ.՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2019-2022 թթ. ավարտել է Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2019-2020 թվականներին աշխատել է Պռոշյանի կոնյակի գործարանում՝ որպես մարդկային ռեսուրսների բաժնի կառավարիչ, 2021-ի հունվար-հունիս ամիսներին աշխատել է ԱՍՀՆ-ում՝ որպես գլխավոր մասնագետ, թեժ գծի գլխավոր վերլուծաբան:
2021-ի հունիսից աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում: