Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Հունաստան:
Սա Էրդողանի առաջին այցն է Հունաստան 2017 թվականից ի վեր և Թուրքիայի նախագահի երկրորդ այցը վերջին 70 տարվա ընթացքում:
Էրդողանի պատվիրակության կազմում են արտաքին գործերի, պաշտպանության, ֆինանսների, ներքին գործերի, մշակույթի և զբոսաշրջության, կրթության, առևտրի, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարները, նախագահի աշխատակազմի հետ կապերի գրասենյակի ղեկավարը և նախագահի գլխավոր խորհրդականը:
Աթենքում Թուրքիայի նախագահը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահի և վարչապետի հետ: Կանցկացվի բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստ։ Նախատեսվում է, որ երկրները կստորագրեն առնվազն 20 համաձայնագիր, այդ թվում՝ միգրացիայի վերաբերյալ։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր դարաշրջան սկսել և զարգացնել Աթենքի հետ հարաբերություններն առանց արտաքին ազդեցության:
Հունաստանի պետնախարար Ակիս Սկերչոսն էլ նշել էր, որ երկրների միջև լարվածությունն ավելի քան երբևէ նվազել է, ուստի այս հանդիպմանը Թուրքիայի և Հունաստանի ղեկավարները «կփորձեն հարաբերություններում նոր էջ բացել»։