Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել լիազորող նորմ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգի և կարգավիճակի որոշման ընթացակարգի համար. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունները:
Զեկուցողի խոսքով՝ առաջարկվում է նաև օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ քաղաքացի ճանաչվելու լիազորության ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականը. սա առնչվում է ՀՀ-ում դեռևս բնակվող ազգությամբ այն հայերին, որոնք նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիներ են և չունեն որևէ երկրի քաղաքացիություն:
Նախաձեռնությամբ հստակեցվում են երեխաների քաղաքացիությունը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները: «Այն դեպքում, երբ երեխան կարող է դառնալ քաղաքացիություն չունեցող անձ, նրան ՀՀ քաղաքացիությունը կփոխանցվի օրենքի ուժով»,- ընդգծել է Արմեն Ղազարյանը:
Փոփոխություններ են նախատեսվում նաև ՀՀ քաղաքացիության դադարեցումից հետո անօրինական միգրացիայի կանխարգելմանը և անչափահասի քաղաքացիության դադարեցմանն առնչվող դրույթներում:
Գլխադասային՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը: