Դեկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» թիվ 25240/20 գործով որոշումը։ Եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորների և Սահմանադրական դատարանի նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի: Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
Սահմանադրական դատարանի նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի գանգատում նշվում էր, որ իրենց պաշտոնների վաղաժամկետ դադարեցումը եղել է կամայական, իսկ իրենք զրկված են եղել ներպետական մակարդակում դա վիճարկելու հնարավորությունից։
Հիշեցնենք՝ նրանք պաշտոններից զրկվել էին 2020-ի հունիսին ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով: Այդ փոփոխություններով 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորները թոշակի ուղարկվեցին, իսկ դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարեցվեց. նոր նախագահ ընտրելու լիազորությունը վերապահվեց ՍԴ նոր ձևավորված կազմին: