ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին լրագրողները խորհրդարանում հարց ուղղեցին վճարումների դիմաց Ռուսաստանի կողմից Հայաստանին դեռևս սպառազինություն չմատակարարելու խնդրի վերաբերյալ, հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Ռուսաստանի կողմից զենք չմատակարարելու հարցը կարող է լուծվել գործընկերային միջավայրում:
«Կարծում եմ՝ հնարավոր է, և ռուսական կողմը շանս ունի՝ ցույց տալու, որ այնուամենայնիվ, շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին և ստորագրած փաստաթղթերին, բայց դա ոչ մի կերպ չի ազդելու Հայաստանի Հանրապետության որոշման վրա՝ ապահովել ՀՀ-ի անվտանգությունը:
Եթե պարտավորությունները չեն կատարվում, իսկ դրանք փաստ է, որ չեն կատարվում, Հայաստանը միանշանակ պետք է պաշտպանի իր շահերը, և այստեղ այլ կարծիք չի կարող լինել»,- ասաց Ազգային ժողովի նախագահը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ինչպե՞ս է Սիմոնյանը բացատրել ռուսական կողմին իր չմասնակցությունը ՀԱՊԿ նիստին, ԱԺ նախագահը նկատեց՝ իմաստ չի տեսնում մասնակցելու, քանի որ կան չլուծված հարցեր:
«Մարդիկ իրենց պարտավորությունները չեն կատարում, մենք լսում ենք, որ միայն Հայաստանի ուղղությամբ է հոխորտանք հնչում, այնինչ, եթե նայենք 2020-ի նոյեմբերի 9-ից այս կողմ, Ադրբեջանը բազմիցս շատ վատ է դրսևորել իրեն որպես Ռուսաստանի դաշնակից՝ սկսած ռուս զինվորներին սպանելուց, վերջացրած պայմանավորվածությունները խախտելով:
Ադրբեջանն ինչ ուզել, մեր տարածաշրջանում արել է, և Ռուսաստանը կա՛մ չի կարողացել, կա՛մ չի արձագանքել»,- ավելացրեց Ալեն Սիմոնյանը:
Նա հիշեցրեց ռուսական կողմի բարձրացրած մեծ աղմուկը, երբ հայկական կողմը հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա, այնինչ Ադրբեջանը բազմիցս է նման օգնություններ ուղարկել, սակայն ՌԴ ԱԳՆ-ն չի արձագանքել: