Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան 43 և Գարեգին Նժդեհի 7 հասցեներում գտնվող վթարային շենքերում բնակվող 38 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը լուծելու համար Ապարանի Գարեգին Նժդեհի 36 հասցեում պետական միջոցների հաշվին կառուցվել է նոր շենք՝ 43 բնակարանով, որի բնակարանների բաշխումն ու հատկացումն ապահովելու համար անհրաժեշտ է ՀՀ կառավարության համապատասխան որոշում: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ դեկտեմբերի 7-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Շենքի կառուցումն ավարտված է, շենքը հանձնված է պետական գույքի կոմիտեի տնօրինությանը:
Որոշման նախագծով առաջարկվում է վթարային շենքերում բնակվող 38 ընտանիքի նոր շենքում հատկացնել բնակարաններ: Իսկ մնացած 5 բնակարանն առաջարկվում է տրամադրել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով Ապարան քաղաքում բնակելի տունը քանդված կամ քանդման ենթակա, ինչպես նաև նախկինում բնակարան չստացած ընտանիքներին ու Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին։
Ըստ նախարարի՝ պետական միջոցները կազմել են շուրջ 682 միլիոն դրամ: Նախկին 2 շենքերը 38 բնակարան ունեին, այս պարագայում բնակարանների թիվը 43 է: Մակերեսային համեմատությամբ նախկին 2 շենքերի ընդհանուր մակերեսը 1800 քառակուսի էր, նորինը՝ 2700, ինչը նշանակում է, որ գրեթե բոլոր սեփականատերերն իրենց նախկին բնակմակերեսից ավելի մեծ բնակմակերեսով բնակարաններ կստանան:
«Այս որոշման արդյունքում 43 ընտանիքի 118 անձի բնակարան կնվիրենք»,- ասաց նախարարը և հավելեց, որ եթե նախկինում բնակիչը 2 սենյակ ուներ, հիմա ևս երկու սենյակ կունենա, ուղղակի՝ մակերեսները մեծ: Հաշվի են առնվել նաև հաշմանդամություն ունեցողների կարիքները:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հավելեց՝ շահագործման կհանձնվի մեկսենյականոց 16 բնակարան, երկուսենյականոց՝ 14 բնակարան, երեքսենյականոց՝ 12, չորսսենյականոց՝ 1 բնակարան:
ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը թեմայի առնչությամբ ընդգծեց, որ վթարային շենքերը լիկվիդացնելու հետ կապված խնդիրներ են երբեմն առաջանում:
«Գիտեմ օրինակներ, երբ վթարային շենքի դիմաց մարդիկ բնակարան են սարքել, և ընտանիքի մի մասը մնացել է հին շենքում, մյուս մասը տեղափոխվել է նոր բնակարան, և պրոբլեմը մեզ համար մնացել է նույնը: Եվ մենք ահուդողով սպասում ենք, ասում ենք՝ բա որ մի բան եղավ, շենքը փլուզվեց, և այլն, և այլն: Հիմա երաշխավորե՞լ ենք, որ նոր բնակարանները բաշխելուց հետո հին բնակարաններում ոչ մի մարդ չի մնալու: Ընդ որում՝ սա պետք է էս գլխից կազմակերպել և ժամանակացույցով, հստակ վթարային շենքը հողին հավասարեցնել»,- ասաց վարչապետը և խնդրեց ժամկետներ ներկայացնել, թե բնակիչների տեղափոխումից հետո երբ են քանդվելու վթարային երկու շենքերը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց՝ 38 բնակարանից 7-ի սեփականատերերը Հայաստանում չեն, այս դեպքում համայնքը քանդելու հարցում սահմանափակում կունենա, քանի դեռ բոլոր սեփականատերերի սեփականության հարցը բնակարանի մասով որոշված չէ: Այժմ կապ են հաստատել վերջիններիս հետ և խնդրել կապ հաստատել: Դա է պատճառը, որ վթարային շենքի լիկվիդացիան կարող է ուշանալ: