ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել` անդրադառնալով Դավթաշենում իրականացվող շինարարությանը:
«Մի քիչ խոսենք ստանդարտների, վերահսկողության, տարրական գիտելիքների ու շինարարական մշակույթի մասին։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շինարարություն է իրականացնում Դավթաշեն թաղամասում, որն ինքնին ողջունելի է, հաշվի առնելով, որ ենթակառուցվածքներում իրականացվում են կապիտալ ներդրումներ։
Այնուամենայնիվ, կարևոր եմ համարում որոշ հարցերի բարձրաձայնումը։
Կից ներկայացված տեսանյութում շինհրապարակն է, որը զբաղեցնում է ճանապարհի երթևեկելի գոտու առաջին գիծն ամբողջությամբ։
Այժմ մի քանի կարևոր փաստի վրա ուշադրություն դարձնենք․
1. Հետիոտնի անցումը տախտակից է, չի համապատասխանում որևէ ստանդարտի։ Անցումից անկումը կարող է մարդու առողջության համար թանկ նստել,հաշվի առնելով, որ փորված փոսի խորությունը հասնում է շուրջ երեք մետրի։
2. Շինարարական գոտին պատշաճ արգելապատնեշներ չունի, ասֆալտին տնկված երկաթե ձողերի վրա փաթաթված են ժապավեններ, որոնց վնասվելու և տեսանելի չլինելու դեպքում մեքենաները կարող են ընկնել փորված փոսը, էլ չասած, որ շինարարությունն ուղղահայաց կտրում է հետիոտնի անցումը, և նույն վիճակում կարող է հայտնվել նաև հետիոտնը։
3. Երթևեկության համար որևէ նշան առկա չէ։ Տպավորություն է, որ բակերից դուրս գալիս, և առհասարակ, վարորդները պիտի ինքնակողմնորոշվեն, որը և հրաշալի անում են։
Շինարարական ստանդարտների և անվտանգության կանոնների պահպանումն անհրաժեշտություն է, և շինարարությամբ զբաղվող ցանկացած ընկերություն, հատկապես՝ «Գազպրոմ» և «Վեոլիա ջուր» ընկերությունները պարտավոր են հետևել անվտանգության կանոններին։
Վերահսկող մարմինները և ստանդարտների ներդրման և զարգացման մարմիններն անշուշտ նույնպես մեծ անելիքներ ունեն այստեղ»,- գրել է նա։