Չէինք ցանկանա, որ հայ ժողովրդին կրկին խաբեին արևմտյան այսպես ասած բարեկամները՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով պաշտպանական ոլորտում Հայաստանի համագործակցությանն այլ երկրների հետ:
«Ինչ վերաբերում է Ֆրանսիայի զրահապատ մեքենաներին, դրանք չսպառված ապրանքներն են: Դա ակնհայտ է անգամ հատուկ ռազմական գործողության շուրջ ծավալվող իրավիճակի տեսանկյունից: Եթե Հայաստանի իշխանությունների հետ, ցավոք, կապ ունեցող շատ ԶԼՄ-ներ խեղաթյուրված չներկայացնեին այդ տեղեկությունը և հակալրագրողական գործունեություն չծավալեին, իրենց երկրի ժողովրդին հնարավորություն կտային ծանոթանալ մեջբերումներին և ուղիղ խոսքին, հասկանալի կլիներ, որ հերթական անգամ, ցավոք սրտի, Արևմուտքը հայ ժողովրդին կեղծիք է մատուցում»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ տարբեր երկրների արտադրության տարաբնույթ զինատեսակները չեն օգնի Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը:
Անդրադառնալով ռուսական կողմի հետ առկա տարաձայնությունները գործընկերության մթնոլորտում հարթելու վերաբերյալ ՀՀ ՊՆ հայտարարությանը՝ ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Մոսկվան դա միայն ողջունում է: