Ադրբեջանի նախագահը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի հարցով համաժողովին, որին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ներկա են օտարերկրյա 60 փորձագետներ։
Իլհամ Ալիևը հայտարարել է. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Բաքուն հստակ դիրքորոշում էր որդեգրել. Ղարաբաղում բնակվող մարդիկ երկու ընտրություն ունեին՝ կա՛մ դառնում են Ադրբեջանի քաղաքացիներ, կա՛մ բնակության այլ վայր են գտնում։ Այլ տարբերակ չկար»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Ալիևը հայտարարել է, թե իբր հենց Ադրբեջանն է միշտ առաջ տարել խաղաղության գործընթացը, այլ ոչ Հայաստանը: «Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում և արել ենք դա ռազմական ճանապարհով։ Դա վերաբերում է ոչ միայն Կովկասին։ Մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով», - ասել է Ալիևը։
Ալիևը հերթական անգամ պնդել է, թե իբր սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում տուժածներ և քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններ չեն եղել:
Ալիևն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը, նշել՝ դա փոքր փաստաթուղթ է, որը 20-ից էլ քիչ կետ է պարունակում։ Նրա խոսքով՝ Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ընդհանուր առմամբ հինգ-վեց մեկնաբանություն են փոխանակել:
Ադրբեջանի նախագահը հավելել է՝ Բաքուն ամուր երաշխիքներ է ուզում, որ Հայաստանը, իբր, ագրեսիվ քաղաքականություն չի վարի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմներ այլևս չեն լինի: Ալիևը հայտարարել է, թե հայկական կողմը եվրոպական որոշ մայրաքաղաքներում «խորհրդականներ» ունի, որոնք լարում են իրավիճակը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր կանգնած է միջազգային մի շարք մարտահրավերների առաջ։ «Ցավոք սրտի, թյուրիմացություններ կան որոշ երկրների հետ հարաբերություններում, որոնց մենք գործընկեր ենք համարում»,- ասել է նա: