Վաշինգտոնը երբեք չի ասել, որ չի պատրաստվում շարունակել գործակցությունը Ադրբեջանի հետ. դա կհակասի Միացյալ Նահանգների շահերին։
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել էր՝ խաղաղության գործընթացը խոչընդոտելու համար Վաշինգտոնը համապատասխան արձագանք կտա, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնը չեն լինի:
«Կարծում ենք՝ եթե դադարեցնեինք մեր դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի հետ, դա կհակասեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացներին։ Շարունակում ենք ուղիղ շփումները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ՝ հստակեցնելու, օրինակ, Բաքվի դեպքում, թե ի՛նչն է մեզ մտահոգում:
Մեզ անհանգստացնում է վերջերս լրագրողների ձերբակալությունների միտումը: Շարունակաբար կոչ ենք անում նրանց հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Նաև հորդորում ենք հասնել Հայաստանի հետ կայուն խաղաղության. դա այն հարցն է, որը մնում է մեր դիվանագիտական ներգրավվածության կենտրոնում»,- նշել է Միլլերը: