Խորհրդարանում՝ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի (փոփոխված տարբերակ) քննարկմանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձել է արդարադատությանը, որի ռազմավարական նշանակությունը նույնպես հնարավոր չէ գերագնահատել:
«2018 թվականի ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխությունն իրականացրած ժողովրդի ամենամեծ ակնկալիքը արդարությունն էր, կոռուպցիայի վերացումը ՀՀ-ից: Պետք է ցավով արձանագրեմ, որ այդ ակնկալիքները շարունակում են մնալ իրենց տեղում, ինչը նշանակում է՝ դրանք իրականացված չեն առնվազն լիարժեք: Բայց ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ այդ ակնկալիքներն իրականացված չեն, արդյոք նշանակո՞ւմ է, որ Կառավարությունը դավաճանել է հեղափոխության սկզբունքներին և արժեքներին: Որքան էլ տարօրինակ թվա, այս հարցին պատասխանելուց առաջ նախ՝ պետք է պատասխանել մեկ ուրիշ հարցի՝ ի՞նչ է արդարությունը, արդարադատությունը, ինչպե՞ս է այն արտահայտվում կամ ինչպե՞ս պետք է արտահայտվի:
2018-ի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո շատերն էին ակնկալում, որ տեղի է ունենալու հեղափոխական արդարադատություն, այսինքն՝ հրապարակներում դատավճիռներ են կայացվելու և իրականացվելու, այդ թվում՝ գույքերի բռնագանձման, ընդհուպ կոնկրետ անձանց կոնկրետ ձևերով պատժելու վերաբերյալ՝ այն, ինչ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ անվանում էին տեռոր»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սակայն, մենք այդ ճանապարհով չգնացինք մի պարզ պատճառով՝ մենք ոչ թե Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն էինք արել, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն, ու խոստացել՝ Հայաստանում վենդետաներ չեն լինելու:
Վարչապետը նկատեց՝ սա կարևոր նրբություն է, որովհետև ինչպես արդարությունը, այնպես էլ վենդետաների գործելակերպ չորդեգրելը իրենց պարտավորությունն է ժողովրդի առաջ:
«Բնական հարց է ծագում. ինչպես էինք և ենք պատրաստվում իրականացնել այդ, կարող է թվալ, միմյանց հակասող երկու պարտավորությունը՝ վենդետաներ չանել և երկրում հաստատել արդարություն: Ահա այստեղ է, որ սկզբունքային նշանակություն է ստանում առաջին հայացքից պարզունակ թվացող հարցը՝ ի՞նչ է արդարությունը, ինչպե՞ս և որտե՞ղ է որոշվում արդարությունը կամ արդարադատությունը:
Մեր մոտեցումը եղել և շարունակում է մնալ նույնը՝ արդարադատությունը որոշվում է ինստիտուտներում, որոնք արդարադատություն իրականացնելու, արդարադատություն հաստատելու իրավասություն ունեն և գործում են օրենքի և Սահմանադրության հիման վրա, ասել է թե՝ արդարադատությունն ինստիտուցիոնալ երևույթ է, և իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ այն, ինչ ինստիտուցիոնալ չէ, արդարություն չէ, չի կարող լինել, հակառակ դեպքում մեկը արդարադատություն կարող է համարել մյուսին շքամուտքում գնդակահարելը, երկրորդը՝ մյուսի ծնոտը կոտրելը, երրորդը՝ մյուսի բիզնեսում փայ մտնելը, չորրորդը՝ սեփականությունը ձեռքից առնելը»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ սա ոչ միայն չի կարող լինել արդարություն, այլև պետության և պետականության խարխլման ճանապարհ է:
«Արդարությունն ինստիտուցիոնալ երևույթ է: Այն, ինչ ինստիտուցիոնալ չէ, արդարություն չէ, արդարադատություն չէ, չի կարող լինել այդպիսին»,- ընդգծեց վարչապետը: